ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումների հարցը քննարկել են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։
«Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիաների հետևանքների վերացման և Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման հրամայականը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Միրզոյանն ընդգծել է` Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառման դրսևորումները, շարունակական սադրանքները և ռազմատենչ հայտարարությունները հանդիսանում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը:
Միրզոյանն ու Ռիքերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման, ինչպես նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման թեմային։
Հիշեցնենք, որ Ռիքերը ՀՀ է ժամանել դեկտեմբերի 1-ին. նա այստեղ է լինելու մինչև դեկտեմբերի 4-ը։
Օրերս Ռիքերն այցելել էր Ադրբեջան, նոյեմբերի 28-ին հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։