ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիան մտադիր է Ուկրաինային լրացուցիչ սպառազինություն մատակարարել։Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք պատրաստվում ենք Ուկրաինային լրացուցիչ սպառազինություն ուղարկել Ինչպե՞ս։ Մեր ընկերությունները սպառազինություն կարտադրեն որքան հնարավոր է`արագ»,–ասել է Մակրոնը TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, Մակրոնի խոսքով, ռազմական մատակարարումների հարցում Փարիզը որոշակի «կարմիր գծեր» ունի։
«Մենք չենք թուլացնելու մեր սեփական ռազմական պոտենցիալը, մեր բանակի պոտենցիալը։ Երբեք։ Երկրորդ սահմանափակումն այն է, որ մենք Ուկրաինային չենք ուղարկի այնպիսի զենք, որը մեզ կներգրավի հակամարտության մեջ»,–պարզաբանել է Մակրոնը։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով` ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը։