Մեկ ամսվա ընթացքում Հայաստանում բենզինի գինը 10 տոկոսով նվազել է։ Եթե նոյեմբերի 7-ի դրությամբ «Պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում էր 500 դրամով, «Ռեգուլյարը»` 480, ապա դեկտեմբերի 3-ի դրությամբ «Պրեմիումն» արժե 450 դրամ, «Ռեգուլյարը»` 430։
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Նարեկ Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ վառելիքի էժանացումը մի քանի պատճառ ունի։ Առաջինը նավթամթերքի համաշխարհային շուկայում գրանցված անկումն է` տարեսկզբին նավթի 1 բարելն արժեր 120-130 դոլար, այսօր` 70-80։
Երկրորդը հայկական դրամի կայունացումն է դոլարի նկատմամբ։ Բացի այդ, Կարապետյանը չի անտեսում նաև բենզինի հայաստանյան շուկայում որոշակի մրցակցության առկայության հանգամանքը։
«Բենզինի շուկան էլի համարվում է կենտրոնացված շուկա, էլի շատ մրցակցային չէ, բայց որոշակի բազմազանություն կա ներմուծղների։ Ճիշտ է, շուկայի մեծ մասն էլի կենտրոնացած է 2-3 սուբյեկտների միջև, բայց խաղացողների որոշակի թիվ կա, որոնք այդ մրցակցությունն ապահովում են»,– ասաց Կարապետյանը։
Տնտեսագետը նաև կարծում է, որ բենզինի ցածր գինը Հայաստանում ոչ միայն կպահպանվի, այլև առաջիկայում կարող է և նույնիսկ պետք է ավելի նվազի։
Բանն այն է, որ ռուս–ուկրաինական կոնֆլիկտով պայմանավորված` ՀՀ ֆինանսական շուկայում արտարժույթի լուրջ ռեզերվ է ձևավորվել, ինչը դրամի կայունության երաշխիք է հանդիսանում։ Այլ կերպ ասած` դրամը դեռ կպահպանի իր արժևորված դիրքը, եթե, իհարկե առաջիկայում հակառակ էֆեկտ` դոլարի արտահոսք տեղի չունենա։
Բացի այդ, համաշխարհային շուկայում արդեն հաջորդ տարվա համար տնտեսության ակտիվության դանդաղում ու անգամ անկումներ են նախատեսվում, որոնք ևս լուրջ ազդեցություն կթողնեն նավթի պահանջարկի ու նաև գների վրա։
«Ամեն դեպքում էներգակիրների չափավոր գների միջավայր է ձևավորվում, և այս պայմաններում հետագա հնարավոր բարձրացման տեսանելի ռիսկեր չկան»,– ասաց Կարապետյանը
Ինչ վերաբերում է հայաստանյան գներին, մեր բենզինի շուկայում սկսված ճշգրտման գործընթացը, տնտեսագետի համոզմամբ, առաջիկայում դեռ պետք է շարունակվի։
«Մենք բենզինի ու դիզվառելիքի ավելի ցածր գներ ունեինք, երբ նավթի գինը համաշխարհային շուկայում մոտավորապես այսօրվա մակարդակին էր, իսկ դրամ–դոլար հարաբերակցությունը ներկայիս 395-ի փոխարեն 480 դրամի մակարդակում էր։ Օրինակ` մինչև Covid-ի համաշխարհային ճգնաժամը նավթը նույն 60-70 դոլարի շրջանակում էր. դոլարը 480 դրամ էր, բայց մենք ունեինք մոտավորապես էլի 400-450 դրամի միջակայքում բենզինի գին։ Հիմա դոլարը 400 դրամի մակարդակում է, ինչը ենթադրում է, որ որոշակի հնարավորություն կա նաև հետագա նվազումների»,– ասաց Կարապետյանը։
Նավթի համաշխարհային շուկայի զարգացումները ևս Հայաստանի համար որոշակի դրական կանխատեսումների հույս են ներշնչում։ Բանն այն է, որ Ավստրալիան և G7–ի երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Ճապոնիա), հետևելով ԵՄ անդամ երկրներին, քննարկում են ռուսական նավթի գնի համար որպես վերին շեմ 1 բարելի դիմաց 60 դոլար արժեք սահմանելու հնարավորությունը։ Վերջնական որոշումն այս հարցով կկայացվի թերևս առաջիկա օրերին։ Լեհաստանը ԵՄ միակ երկիրն է, որ արգելափակել է նավթի գնի «առաստաղ» սահմանելու նախագիծը։
Նախագծի համաձայն` 60 դոլարից թանկ գնով ՌԴ–ից գնում կատարող բեռնափոխադրումները որպես պատիժ` չեն ապահովագրվի։ ԱՄՆ գանձապետարանն այս մեխանիզմն անվանել է «Մոսկվայի եկամուտների սահմանափակման կարևոր գործիք»։
Պաշտոնական Մոսկվան էլ հայտարարել է, որ անընդունելի է համարում նավթի գնի առավելագույն շեմի սահմանումը, և, անկախ դրա չափից, շարունակելու է աշխատել բացառապես շուկայական պայմաններով։
Նարեկ Կարապետյանի դիտարկմամբ` այս գործընթացը հայաստանյան բենզինի շուկայի վրա բացասական ազդեցություն չի ունենա, քանի որ ՌԴ–ն սահմանափակումների դեպքում ավելի շատ հակված կլինի աշխատել այն երկրների հետ, որտեղ սահմանափակումներ չկան։
Բացի այդ, չի բացառվում, որ Արևմուտքում սահմանված գնային սահմանափակումների ազդեցությամբ ռուսական նավթամթերքը կարող է էժանանալ նաև այն երկրների համար, որոնք սահմանափակումներ չեն կիրառել։
«Այդ տեսակետից` դա մեզ համար որոշակի հնարավորություն է ավելի մատչելի գնով ձեռք բերելու ռուսական էներգակիրներ»,– կարծում է Կարապետյանը։
Նշենք, որ Հայաստան նավթի ու նավթամթերքի հիմնական մատակարարները Ռուսատանն ու Իրանն են։
Մաքսային պաշտոնական վիճակագրության համաձայն` 2021թ-ին Հայաստանը ՌԴ–ից 162 797տոննա նավթամթերք է ներկրել, 2022–ի առաջին կիսամյակում` 180 582։ Իրանից 2021թ–ին ներկրվել է 54 055 տոննա, 2022-ի առաջին կեսին` 26 954։