ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. 2022 թվականի 11 ամիսների ընթացքում 8262 անձի տրամադրվել է շուրջ 20 000 աջակցող միջոց։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` անդրադառնալով Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան։
«ՀԿ–ներին պատվիրակման միջոցով նախարարությունը շարունակում է հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել շուրջօրյա, ցերեկային ու սոցիալ-վերականգնողական ծառայություններ` վերջիններիս խնամքն ու զբաղվածությունը ապահովելու և անհրաժեշտ հմտությունների ուսուցումը կազմակերպելու համար: Անհրաժեշտ ծառայությունների մատուցման նպատակով այս տարվա համար նախատեսված է շուրջ 233 մլն 500 հազար դրամ»,–ասված է գրառման մեջ։
Մկրտչյանը լիահույս է, որ իրականացվող և նախատեսվող բարեփոխումները կկարողանան լուծել ոլորտում առկա հիմնահարցերը։
Միաժամանակ Մկրտչյանը հիշեցրել է, որ 2023 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատավայրերում և ուսումնական հաստատություններում նախատեսվում է ապահովել խելամիտ հարմարեցումներ։ Իսկ 2023 թվականի փետրվարի 1–ից կներդրվի անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ։
Փորձնական գործարկումից հետո 2024 թվականի հունվարի 1-ից կներդրվի նաև անձնական օգնականի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: 2008 թվականի փետրվարին Հայաստանում ստեղծվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը, որի առաջնային նպատակն է հաշմանդամների իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների ապահովումը։