ՌԱԴԻՈ

Ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստով իշխանությունը լուծեց իր խնդիրները. քաղաքագետ

Հրանտ Միքայելյանի մեկնաբանմամբ՝ ՀՀ իշխանությունը Բաքվին, Մոսկվային, Բրյուսելին ու նաև Էրդողանին ցույց տվեց, որ ավելի կոնստրուկտիվ է ընդդիմության համեմատ։
Sputnik
Արցախի հարցով խորհրդարանական ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստով ՀՀ իշխանությունը հերթական անգամ կարողացավ լուծել իր խնդիրը, իսկ ընդդիմությունը, հակառակը, հերթական պարտությունը կրեց։
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում Արցախի հարցով հայտարարության ընդունման տապալումը Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կերպ մեկնաբանեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
«Իշխանությունը, այո՛, այս նիստը գումարել էր, շատ սահմանափակ առումով համագործակցել էր ընդդիմության հետ, բայց կարծում եմ, իշխանությունը դրանով ուղղակի իր խնդիրներն էր լուծում։ Իշխանությունը սրանով ցույց տվեց, որ ինքը չի մերժում Արցախի հարցի քննարկումը, բայց նաև ցույց տվեց Բաքվին, Մոսկվային, Բրյուսելին ու նաև Էրդողանին, որ ինքն ավելի կոնստրուկտիվ է ընդդիմության համեմատ»,– ասաց նա։
Հիշեցնենք` դեկտեմբերի 2-ին խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ ԱԺ–ն արտահերթ նիստ էր հրավիրել, որին ներկա էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նիստի օրակարգում մեկ հարց էր` «ՀՀ ԱԺ հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ»։ Երկարատև ու բուռն քննարկումներից հետո հայտարարության ընդունումը տապալվեց` 31 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։
Ավելի ուշ ՔՊ–ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ասել էր, որ տեղի ունեցած քննարկման ժամանակ հնչած մտքերը հիմնավորապես ուրվագծեցին այն պատկերացումներն ու դրանց տարբերությունները, որոնք առկա են ընդդիմադիրների և ՔՊ–ի միջև։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտնել էր, որ ՔՊ–ն դեմ է եղել «Լեռնային Ղարաբաղ կամ Արցախի Հանրապետություն» ձևակերպմանը և հայտարարության տեքստից ջնջել է «Հանրապետություն» ձևակերպումը, «Պատմական տարածքում ինքնորոշված ԼՂՀ–ի դեմ հարձակում» ձևակերպումն էլ առաջարկել են փոխարինել «Հարձակում ԼՂ հայության վրա» արտահայտությամբ։ Ինքնորոշման իրավունքի իրացման ձևակերպմանը նույնպես ՔՊ–ն դեմ է եղել, հայտարարության նախագծից հանել է նաև «Շուշիի հռչակագրի» դատապարտմանն ու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման և անվտանգության ապահովման մասով ՀՀ հանձնառությանը վերաբերող հատվածը։