ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Թունաքիմիկատների Հայաստան ներմուծման պահանջները կխստացվեն, տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանն այսօր հանդիպել է պեստիցիդների (թունաքիմիկատներ) գրանցմամբ և ներկրմամբ զբաղվող կազմակերպությունների 30-ից ավելի ներկայացուցիչների հետ:
«ՍԱՏՄ ղեկավարի հրամանով՝ այսուհետ պարտադիր կլինի թունաքիմիկատն արտադրող երկրի և արտադրող կազմակերպության գրանցումը՝ բացառելով նույն ցուցանիշներով, սակայն այլ երկրների և արտադրողների արտադրած թունաքիմիկատների մուտքը երկիր: Ազդող նյութի լաբորատոր ստուգման ընթացակարգը կմնա նույնը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ասվում է նաև, որ նախկինում թունաքիմիկատների գրանցման գործընթացի որոշ փուլերի համար հստակ ժամկետներ սահմանված չէին, և այդ անորոշությունը միշտ անհանգստության առիթ է եղել: Այս փոփոխությամբ թունաքիմիկատների գրանցման համար սահմանվել է ժամկետ՝ 26 աշխատանքային օր, որի ընթացքում կկազմակեպվեն գրանցման հայտը ստանալուց մինչև բուն գրանցման ու գրանցման վկայականի հանձնման գործընթացները:
Կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել առաջարկություններով։