ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Գրիգորյանի եղբայրը, տեղեկանում ենք «Էրեբունի» ԲԿ–ի ֆեյսբուքյան էջից։
Փոքրիկին հերոսացած եղբոր պատվին ծնողները Հակոբ են կոչել:
«46-ամյա կնոջ հղիությունն, ընդհանուր առմամբ հարթ է անցել: 37 շաբաթականում կատարվել է կեսարյան հատում: Փոքրիկ Հակոբը ծնվել է 2890գ քաշով, 50 սմ հասակով»,– ասված է գրառման մեջ:
Նշվում է, որ մոր՝ Հումայիկ Գրիգորյանի հղիության ամբողջ ընթացքը հսկել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան փոխտնօրեն Նորայր Ղուկասյանն իր թիմի հետ:
Ժամկետային զինծառայող Հակոբ Գրիգորյանը զոհվել է պատերազմի հենց սկզբի օրերին՝ հերոսաբար կռվելով ընկերների հետ: Գրիգորյանները 3 աղջիկ ունեն, Հակոբը տան միակ որդին էր։