ՌԱԴԻՈ

Տրանսպորտում տեսաձայնային սարքերի առկայությունը զսպող ազդեցություն կունենա. Քոչարյան

ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ոստիկանության կողմից հանրային քննարկման դրված նախագծին, որով առաջարկվում է ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեսրահներում տեսախցիկներ տեղադրել։
Sputnik
Ավտոմոբիլային տրանսպորտում նկարահանող տեսաձայնային սարքեր տեղադրելու օրենսդրական նախագիծը կյանքի կոչվելու դեպքում ունենալու է բավականին զսպող էֆեկտ, և եթե կան հանցածին գործոններ, դրանք արագ կչեզոքացվեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը։
Ոստիկանության կողմից հանրային քննարկման է ներկայացվել ավտոմոբիլային տրանսպորտին առնչվող օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որի համաձայն` հասարակական տրանսպորտում տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավորություն ունենան տեսահսկելու ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահը, ավտոբուսի կամ միկրոավտոբուսի դիմացի հատվածն ամբողջությամբ և տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ:
«Տվյալ նախագիծը միտված է հանրային շահի պաշտպանությանը, և որպեսզի նման նախագծերի սոցիալական անհրաժեշտությունը ճիշտ գնահատենք, նախևառաջ պետք է դիտարկենք դրանց հիմնավորումը։ Եթե ոստիկանությունը գտնում է, որ տրանսպորտում իրավախախտումների աճ կա` գրպանահատություն և այլն, ապա նման կանխարգելիչ միջոցառումներ անշուշտ պետք է իրականացվեն»,– ասաց մեր զրուցակիցը։
Քոչարյանի կարծիքով` պետք է ձևավորվի հանրային անվտանգության համապատասխան միջավայր։ Ըստ նրա` գուցե հանցավորության կառուցվածքում, տրանսպորտի ոլորտում կան որոշակի փոփոխություններ, հակառակ դեպքում նման նախագիծ ուղղակի չէր ներկայացվի։ Ոստիկանապետի նախկին տեղակալը նման անվտանգային նախագծերին, մարդու իրավունքների չափավոր սահմանափակումների իրողության պարագայում, բավականին դրական է վերաբերվում։
«Պետք է ուշադրություն դարձնել նաև, թե հավաքագրվող տեղեկատվությունը որքան ժամանակ է պահվելու, ինչպիսին է լինելու ոչնչացման ընթացակարգը, ինչպես են վերահսկվելու տեղեկությունները և արդյոք քաղաքացիներն ունենալու են դրանք վերստուգելու հնարավորություն, և առհասարակ ովքեր իրավունք ունեն մուտք գործել անհատական տվյալների բազա, ինչ նպատակով»,– ասաց Քոչարյանը։
Զրո հանդուրժողականություն է լինելու. «Արմավիր» ՔԿՀ-ում ավելի քան 400 տեսախցիկ են տեղադրել
Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեսակետին, թե ՀՀ–ում հանցագործություններն իբր կանխարգելելու և արագ բացահայտելու քողի ներքո ոստիկանությունը մտադիր է վերահսկել շարքային քաղաքացիներին, հետևել նրանց շարժին, մեր զրուցակիցն ընդգծեց, որ այդ տեսակետը չափազանցված է, որովհետև նշված նախագիծն ավելի շատ պրոֆիլակտիկ բնույթ ունի։
Նշենք, որ ըստ ներկայացված նախագծի` հասարակական տրանսպորտում տեսախցիկները պետք է հսկվեն Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի կողմից՝ 24-ժամյա ռեժիմով, իսկ տեսախցիկների ծախսը պետք է հոգան ուղևորափոխադրող ընկերությունները։