Ջրաբերում ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել

Ինքնաթիռի վթարի վայրը
2022 թվականի դեկտեմբերի 1-ին` ժամը 14.00-ի սահմաններում, «B-55» մոդելի ինքնաթիռը վայր է ընկել Ջրաբերում գտնվող ավազի հանքի տարածքում և այրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Ջրաբերում մասնավոր ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«ՔԿ–ում ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասով (Օդային, ջրային, երկաթուղային, մագնիսական, ճոպանային տրանսպորտի կամ մետրոպոլիտենի երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ երթևեկության կամ շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Կոտայքի մարզում ինքնաթիռի վթարի ենթարկվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ նախնական տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին` ժամը 14.00-ի սահմաններում, «B-55» մոդելի ինքնաթիռը վայր է ընկել Ջրաբերում գտնվող ավազի հանքի տարածքում և այրվել, որի հետևանքով ինքնաթիռում գտնվող 2 անձ տեղում մահացել է:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է վթարված, այրված թեթև մարդատար ինքնաթիռ, 2 անձի մոխրացած դիակ, տարբեր իրեր։ Նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն, ստեղծվել է քննչական խումբ:
Ի՞նչն է եղել Ջրաբերում ինքնաթիռի կործանման պատճառը. ԱԻՆ–ը մանրամասներ է հայտնել
Քննչական կոմիտեն տեղեկատվական պահանջ է ներկայացրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե` վթարի ենթարկված վերը նշված ինքնաթիռի տեսակի, պատկանելիության, ՀՀ մուտք գործելու, ՀՀ-ում տեղակայվելու հանգամանքների, օդաչուի, ուղևորի ինքնությունների և մի շարք այլ տվյալների վերաբերյալ:
Ձեռնարկվելու են նաև անհրաժեշտ միջոցներ սահմանված ընթացակարգով ինքնաթիռի վթարման պատճառները, դրա հետ կապված հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է: