ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարը շուրջ 1 տարի յուրացրել է զորամասին հատկացված և փաստացի իրեն վստահված ընդհանուր դիզելային վառելանյութի կտրոնները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Մասնավորապես՝ պարզվել է, որ Ս.Ե.-ն, պաշտպանության նախարարի 2016 թվականի հրամանով նշանակված լինելով N զորամասի հրամանատար, 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունվարը՝ քննությամբ չպարզված օրերին, ապօրինաբար, առանց փաստաթղթավորման զորամասի գույքային ֆոնդից դուրս է բերել և յուրացրել է նույն զորամասին հատկացված, իրեն վստահված 4 հազար 515 լիտր «ԱԻ-92» տեսակի ավտոբենզինի և 3 հազար 710 լիտր դիզելային վառելանյութի կտրոններ, որոնց մի մասը հանձնել է որպես բնակարանի վարձակալության վճար, իսկ յուրացրած կտրոնների մի մասն էլ վաճառել է՝ այդ կերպ պետությանը պատճառելով խոշոր չափերի, ընդհանուր՝ 2 մլն 441 հազար 985 դրամի գույքային վնաս։
Նշվածը հաստատվել է Հակակոռուպցիոն դատարանի 2022 թվականի նոյեմբերի 16-ի մեղադրական դատավճռով։ Նախաքննության ընթացքում զորամասի հրամանատարը առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունք, զղջացել է կատարած արարքի համար և վերականգնել պետությանը պատճառված վնասը՝ 2 մլն 442 հազար դրամի չափով։
Հսկող դատախազը միջնորդել է Պաշտպանության նախարարությանը դիտարկել զորամասի հրամանատարի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը: