ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի առաջին ինն ամիսներին աճել է 42,5 տոկոսով՝ հասնելով 1,209 մլրդ դոլարի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանը։
Դիվանագետը նշեց, որ Չինաստանը Հայաստանի` մեծությամբ երկրորդ առևտրային գործընկերն է։
«Երկու պետությունները առևտրի ոլորտում համագործակցելու բազմաթիվ հնարավորություններ ունեն, և կողմերը պետք է միասին աշխատեն ու ջանքեր գործադրեն փոխգործակցության հետագա զարգացման համար»,- ասաց դեսպանը։
Միաժամանակ նա շարք խնդիրներ մատնանշեց, որոնք խանգարում են առևտրատնտեսական գործընկերության առաջխաղացմանը։ Նախ՝ ՉԺՀ-ն հսկայական շուկա ունի՝ 1,4 մլրդ բնակչությամբ, սակայն չինացի սպառողների մեծ մասը ծանոթ չէ հայկական արտադրանքին։ Երկրորդ խնդիրը բարդ լոգիստիկան է, ինչը հանգեցնում է շատ մեծ ծախսերի։ Երրորդ՝ չինական ընկերությունները համեմատաբար փոքր ծավալներով են ներդրումներ անում Հայաստանում և հաճախ դժվարությունների են հանդիպում։
Այդ կապակցությամբ նա առաջարկում է բարձրացնել հայկական ապրանքների ճանաչվածությունը Չինաստանում։ Դեսպանը կարևորում է հայկական ընկերությունների ակտիվ մասնակցությունը ՉԺՀ-ում միջազգային տնտեսական և առևտրային կարևոր միջոցառումներին (օրինակ՝ Չինաստանի Ներմուծման միջազգային ցուցահանդեսին, Կանտոնի տոնավաճառին և այլն): Սա հնարավորություն կտա խթանելու հայրենական արտադրանքի իրացումը չինական շուկայում, ավելացնել բարձրորակ գինու, գյուղատնտեսական արտադրանքի, ձեռագործ արտադրանքի արտահանումը Չինաստան։
«Այս ամենը կնպաստի Չինաստանի հետ Հայաստանի առևտրի միասնական կառուցվածքի բարելավմանը»,- ասաց դիվանագետը:
Նա նաև կարևոր է համարում տարածաշրջանային լոգիստիկայի մակարդակի բարձրացումը։ Հայաստանը ելք չունի դեպի ծով, իսկ արտաքին համագործակցությունը սահմանափակված է ոչ ազատ հաղորդակցությամբ։ Այս առումով Պեկինն ակնկալում է, որ Երևանն ակտիվ կմասնակցի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։
Դեսպանն ընդգծեց, որ Չինաստանը պատրաստ է այս նախաձեռնության շրջանակում ակտիվորեն մասնակցել տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված համատեղ նախագծերին։
Նա նաև ընդգծեց երկու պետությունների միջև ներդրումային համագործակցության մասշտաբներն ընդլայնելու անհրաժեշտությունը։ Ֆանը նշեց, որ Չինաստանը կխրախուսի Հայաստան եկող ազդեցիկ և հեղինակավոր չինական ընկերություններին։
«Մենք հուսով ենք, որ Հայաստանն ակտիվորեն կուսումնասիրի ազատականացման և առևտրի ու ներդրումների դյուրացման արդյունավետ միջոցները, լավ պայմաններ կստեղծի չինական ընկերությունների համար հանրապետությունում ներդրումներ կատարելու նպատակով, ինչպես նաև կօգտագործի շուկայական միջոցները ՉԺՀ-ի առավել ազդեցիկ ձեռնարկությունները ներգրավելու համար»,- ասաց նա:
Դեսպանի խոսքով` Չինաստանի և Հայաստանի միջև գործարար համագործակցությունը խոստումնալից հեռանկարներ ունի։