Հայկական կողմը կարևորում է Հայաստանում ռուսերենի զարգացման հարցը. Դումանյանը` Մասլովին

Նախարար Դումանյանը և ՌԴ պաշտոնյան կարևորել են Հայաստանում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացման, կրթական ծրագրերի, դասագրքերի բարելավման, ինչպես նաև ռուսերենի ուսուցիչների մասնագիտական զարգացման և որակավորման բարձրացման հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հայկական կողմը կարևորում է Հայաստանում ռուսերենի զարգացման հարցը և պատրաստ է քննարկել նոր նախաձեռնություններ` ՀՀ օրենսդրության պահանջների շրջանակում։ Այս մասին ՌԴ նախագահի աշխատակազմի «Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի» գրասենյակի պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ–ի մամուլի ծառայությունը։
Ընդունելություն ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի մոտ
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները կրթության ոլորտում համագործակցությանը վերաբերվող հարցեր։
«Այս համատեքստում կողմերը, մասնավորապես, կարևորել են ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացման, կրթական ծրագրերի, դասագրքերի բարելավման, ինչպես նաև ռուսերենի ուսուցիչների մասնագիտական զարգացման և որակավորման բարձրացման հարցերը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Ողջունելով ՌԴ պատվիրակության այցը Հայաստան,նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ երկու երկրների միջպետական հարաբերություններում առանձնահատուկ տեղ է գրավում մշակույթի ոլորտում համագործակցությունը, ինչի մասին են վկայում երկու երկրներում շարունակաբար անցկացվող միջոցառումները, մասնավորապես՝ ՌԴ-ում կայացած Հայաստանի օրերը և ՀՀ-ում անցկացված Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը։
ԱՊՀ երկրների ԶԼՄ-ները 2023 թվականին ռուսաց լեզվին աջակցելու արշավ են ծավալելու
Իգոր Մասլովն իր հերթին նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու «Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտակրթական համագործակցության զարգացում. հայացք դեպի ապագա» կլոր սեղանին:
«Համատեղ նախագծերի իրականացումը և գիտակրթական հաստատությունների միջև փորձի փոխանակման հնարավորությունն ուղղակիորեն կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը»,–ասել է Մասլովը։
Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը, ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ուրիշներ:
Հայաստանը ՅՈւՆԵՍԿՕ-ում պաշտպանել է ռուսաց լեզվի համաշխարհային օր հռչակելու գաղափարը