ՌԱԴԻՈ

Գործազուրկների թվի նվազումը կարող է լինել բնակչության թվի նվազման հաշվին. տնտեսագետ

Տնտեսագետ Աստղիկ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է գործազրկության ցուցանիշներին և այն հարցին, թե ինչու Հայաստանում չեն զբաղեցվում հազարավոր թափուր աշխատատեղեր։
Sputnik
Հնարավոր է, որ գործազրկության տվյալների հաշվառման դեպքում ցուցանիշներից մեկի աճի կամ նվազման հետևանքով ընդհանուր արդյունքն էապես փոխվի, սակայն մեզանում գործազրկության մակարդակը գրեթե նույն ցուցանիշի շրջանակում է տատանվում` մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Աստղիկ Հովհաննիսյանը` ներկայացնելով Հայաստանում գործազրկության հետ կապված հիմնական միտումները։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կառավարության դեկտեմեբերի 1-ի նիստում հայտարարել է, որ 2022-ի առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել է 14.8 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 1.9 տոկոսով։ Ըստ նախարարի` այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայությունը 3260 թափուր աշխատատեղ է արձանագրել, իսկ վիճակագրական կոմիտեի տվյալներով` 9800 թափուր աշխատատեղ կա։
«Առավել կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել բուն գործազուրկների քանակին` միևնույն ժամանակ խնդիրը դիտարկելով ընդհանուր գործազրկության համապատկերում, որովհետև հնարավոր է, որ գործազուրկների ընդհանուր թվաքանակի նվազումը լինի բնակչության թվաքանակի նվազման հաշվին, ուստի մեկ ցուցանիշի վրա հենվելով գնահատական տալը տեղին չէ։ Թեև վերջին տարիներին Հայաստանում գործազրկության ցուցանիշը որոշակիորեն նվազել է, բայցևայնպես պետք է հաշվի առնել, թե կոնկրետ ինչ գործոնների հաշվին է այդ առաջընթացը գրանցվել»,– նշեց տնտեսագետը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Հայաստանում չեն զբաղեցվում հազարավոր թափուր աշխատատեղերը, Հովհաննիսյանն ասաց՝ կարող են լինել մի քանի պատճառներ։
«Տարիներ շարունակ Հայաստանում առկա է մի պատկեր, որի համաձայն` շատ քաղաքացիներ փնտրում են աշխատանք, սակայն պատրաստ չեն անցնել աշխատանքի, կամ էլ պատրաստ են աշխատել, բայց աշխատանք չեն փնտրում։ Հաճախ լինում է նաև այնպես, որ քաղաքացին դիմում է որևէ թափուր աշխատատեղի համար, սակայն չունի համապատասխան հմտություններ, և այս իրավիճակը հանդիպում է բոլոր ոլորտներում։ Մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ առաջարկվող աշխատատեղերը մարդկանց բնակավայրին մոտ չեն, մարզերում են, ուստի թափուր տեղերը կարող են հարուցել կոմունիկացիոն դժվարություններ»,– ասաց տնտեսագետը։
Մեր զրուցակիցը շեշտեց, որ ՀՀ–ում ոչ բոլոր գործազուրկներն են գրանցվում, մինչդեռ արտասահմանյան երկրներում յուրաքանչյուր գործազուրկ պետք է գրանցվի զբաղվածության կենտրոններում, այսինք` թափանցիկությունն այնտեղ ավելի ապահովված է, ուստի այդ դեպքում ավելի հեշտ է «համապատասխանեցնել» գործազուրկին թափուր աշխատատեղին։
Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում այս պահին կա 50 400 գրանցված գործազուրկ։
Գործազրկությունը պատմականորեն նվազագույն աստիճանի է հասել. Նիկոլ Փաշինյան