ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Բուլղարիան հրաձգային զենք ու զինամթերք կմատակարարի Ուկրաինա։ Որոշումը կայացրել է Բուլղարիայի խորհրդարանը։ Տեղեկությունը բուլղարական լրատվամիջոցներին է հայտնել էկոնոմիկայի նախարար Նիկոլա Ստոյանովը։
Ստոյանովը նշել է, որ Ուկրաինային տրված օգնությունը չի ազդի բուլղարական բանակի մարտունակության վրա։ Ըստ նրա` Բուլղարիայի պաշտպանության նախարար Դիմիտար Ստոյանովը ներկայացրել է երկրի բանակի հնարավորությունների ցանկը, և այն կհրապարակվի առաջիկայում։
Ավելի վաղ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր հղել Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը Ուկրաինայի համար նախատեսված զենք է պարունակում, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։
ՌԴ ԱԳՆ-ն նշել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը ու բացասական ազդեցություն կունենա: