Բայդենը նշել է Ուկրաինայի թեմայով Պուտինի հետ բանակցելու պայմանները

ԱՄՆ նախագահը նշել է, որ բոլոր դեպքերում Մոսկվայի հետ բանակցություններ կկայանան միայն ՆԱՏՕ–ի հետ խորհրդակցություններից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառում Ուկրաինայի թեմայով ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների հավանականությունը, եթե վերջինս հակամարտությունն ավարտելու հետ կապված «հետաքրքրություն ցուցաբերի» ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, քաղաքական գործիչը հայտնել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
ԱՄՆ նախագահը նշել է այն պայմանները, որոնց դեպքում պատրաստ է բանակցելու Մոսկվայի հետ։ Նրա խոսքով` ինքը պետք է տեսնի, որ Ռուսաստանը ցանկանում է ավարտել հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում։

«Պարոն Պուտինը... այստեղ շատ ուշադիր պետք է ընտրեմ բառերս։ Պատրաստ եմ խոսելու պարոն Պուտինի հետ, եթե նա իսկապես հետաքրքրություն ցուցաբերի պատերազմին արմատապես վերջ դնելու հարցում», – հայտարարել է Բայդենը։

Միևնույն ժամանակ Բայդենը նշել է, որ առաջիկայում ՌԴ գործընկերոջ հետ շփումներ չի նախատեսում։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Մոսկվայի հետ բանակցություններ կկայանան միայն ՆԱՏՕ–ի հետ խորհրդակցություններից հետո։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 281-րդ օրը։