Բայդենը մտադիր է խուսափել Ուկրաինայում հակամարտության ընդլայնումից. Բլինկեն

ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը վստահեցրել է, որ ԱՄՆ–ն Ռուսաստանի հետ պատերազմել չի ցանկանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է խուսափել Ուկրաինայում հակամարտության ընդլայնումից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Հակառակը, մենք ցանկանում ենք ավարտել այն, բայց ոչ մի դեպքում չընդլայնել։ Մենք Ռուսաստանի հետ պատերազմ չենք ուզում, հատկապես համաշխարհային երրորդ պատերազմ չենք ուզում։ Դա այն չէ, ինչին ձգտում ենք», – հայտարարել է Բլինկենը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով` ԱՄՆ–ն ուզում է, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատվի ոչ միայն թղթի վրա, այլև իրականում, ինչպես նաև, որ այն երկարատև լինի։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 281-րդ օրը։