ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունը համարում է, որ Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցը պետք է լուծում ստանա, հակառակ դեպքում դա նշանակում է Արցախի հայաթափում կամ Արցախի ժողովրդի ցեղասպանություն։ Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հայտնել էինք, որ ընդդիմադիրների հրավերով ԱԺ–ում արտահերթ նիստ է անցկացվում, որին նաև իշխող ուժի պատգամավորներն են մասնակցում։
Նիստի օրակարգում մեկ հարց է` ուզում են ԱԺ-ն հայտարարություն ընդունի ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ներկայացրել էր, թե իրենց առաջարկած հայտարարության որ դրույթների հետ համաձայն չեն իշխանականները։
«Մենք համարում ենք, որ Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցը կարող է լուծում ստանալ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների միջոցով՝ միջազգային մեխանիզմի մասնակցությամբ»,-ասաց Ռուբինյանը։
Նրա խոսքով` իրենք համարում են նաև, որ Հայաստանի Հանրապետությունն ունի միջազգայնորեն ճանաչված տարածք, որի մի մասն օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Ուստի, ադրբեջանական զորքերը պիտի անհապաղ ու առանց որևէ նախապայմանի հետ քաշվեն այդտեղից։
Ռուբինյանի խոսքով` այս երեք կետերն են պատճառը «Հայաստան» խմբակցության առաջարկած հայտարարության նախագծի հետ անհամաձայնության, քանի որ այդ հայտարարությունն ընդունելով՝ իրենք կհակասեն վերոհիշյալ երեք կետերին։
«Կարծում եմ` իմ նշած երեք կետերը (Արցախի ժողովրդի իրավունք, Արցախի ժողովրդի անվտանգություն, Հայաստանի օկուպացված տարածքներ,–խմբ.) դուք չեք համարի դավաճանական, թրաքահաճո, թրքաբարո»,–ասաց Ռուբինյանը։
Նա հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է քաղաքական մի փոփոխություն` ոչ թե Արցախի կարգավիճակից պետք է բխեցնել Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, այլ հակառակը։