Արցախահայության անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ զորախումբն է. Աղաջանյան

Էդուարդ Աղաջանյան. Արխիվային լուսանկար
Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց հարցին, թե արդյո՞ք իշխանությունը հրաժարվում է արցախահայության անվտանգության երաշխավորի դերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Արցախահայության անվտանգության երաշխավորն ու անվտանգության երաշխիքի առաջնային պատասխանատուն ռուս խաղաղապահ զորախումբն է։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն հարցին, թե արդյո՞ք իշխանությունը հրաժարվում է արցախահայության անվտանգության երաշխավորի դերից։
Հայտնել էինք, որ ընդդիմադիրների հրավերով ԱԺ–ում արտահերթ նիստ է անցկացվում, որին նաև իշխող ուժի պատգամավորներն են մասնակցում։ Նիստի օրակարգում մեկ հարց է` ուզում են ԱԺ-ն հայտարարություն ընդունի ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ներկայացրել էր, թե իրենց առաջարկած հայտարարության որ դրույթների հետ համաձայն չեն իշխանականները։
«Նոյեմբերի 9-ի առակողմ հայտարարությամբ, ինչպես նաև պատերազմի արդյունքում ու հետևանքով ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի է ուրվագծվել, որտեղ նրանք տեղակայվել են»,–ասաց Աղաջանյանը։
Իսկ մեկ այլ հարցի, թե իշխանությունը հրաժարվո՞ւմ է Արցախի անվտանգության ապահովման հարցում ՀՀ դերից` Աղաջանյանը պատասխանեց, թե Հայաստանի գործող իշխանությունների օրոք է, որ Արցախի Հանրապետությունն այնքան բյուջետային օգնություն է ստացել, որքան ամբողջ վերջին 30 տարիների ընթացքում չի ստացել։
Աղաջանյանը նշեց նաև, որ իրենց դիրքորոշումներն ուղիղ նպատակ ունեն հնարավորինս ամրացնել Արցախի շուրջ անվտանգության միջավայրը և արցախահայության անվտանգությունը։