ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. 2022 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել մոտ 15 հազար մարդ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
«Անցյալ տարի այս ցուցանիշը մոտ 3 000 էր, այս տարի՝ 15 000»,- ասաց Ֆիդանյանը։
Նրա խոսքով` նշված անձինք հիմնականում հայեր են, և նրանց ՀՀ քաղաքացիություն տալու գործընթացը լիովին համապատասխանում էր սահմանված չափանիշներին։
Ֆիդանյանը նշեց, որ անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկում անձնագրային բաժանմունքների աշխատանքը բեռնաթափելու և քաղաքացիների սպասարկումն արագացնելու ուղղությամբ։
«Ներդրվել է քաղաքացիների հերթերի կառավարման համակարգ, երկու մասնաճյուղերում գործում է առցանց ամրագրման համակարգ, ևս երկուսում այն ներդրվում է»,- ասաց Ֆիդանյանը։
Նշենք, որ Ֆիդանյանը պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովին էր ներկայացրել կենսաչափական անձնագրերի տրամադրումը ժամանակավորապես դադարեցնելու նախագիծը, որն արդեն ընդունվել է կառավարության կողմից։