Ոստիկանությունն առաջարկում է հանրային տրանսպորտում 24-ժամյա տեսաձայնագրություն իրականացնել

Նախագծում նշվում է, որ տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերը պետք է օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորություն ունենան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունն առաջարկում է ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեսրահներն օրենքով ապահովել անընդմեջ և բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով: Տեղեկությունը հրապարակված է կառավարության e-draft.am հանրային հարթակում:
Նախագծում նշվում է, որ տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերը պետք է օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորություն ունենան:
«Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավորություն ունենան տեսահսկելու ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահը և ավտոբուսի կամ միկրոավտոբուսի դիմացի հատվածն ամբողջությամբ: Պետք է ապահովվի, որ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը ամենօրյա` 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենա նշված պարտադիր տեսահսկման համակարգերին»,– ասված է նախագծում։
Նշվում է նաև, որ ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահում պետք է փակցված լինի «ուղեսրահը տեսաձայնագրվում է» բովանդակությամբ հայտարարություն: Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը և օգտագործման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ։
«Երևանում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման ժամանակ շատ հաճախ ոստիկանությունն օգտվում է ավտոկայանատեղերը հսկող տեսախցիկներից։ Այդ տեսախցիկների տեսաձայնագրություններին հետևելու համար ամեն անգամ անհրաժեշտ է լինում համակարգը սպասարկող ընկերության աշխատակիցների թույլտվությունն ու ներկայությունը, ինչը բարդացնում է գործընթացը։ Արդյունքում իրավապահները երկար ժամանակ են կորցնում ու անհնար է դառնում «տաք հետքերով» գործի բացահայտումը»,– ասված է հիմնավորման մեջ։
Գրպանահատը հայտնաբերվել է Ապարանում. նա 65 տարեկան կին է
Նախագծում նշվում է, որ խնդիրն առավել ընդգծվում է գիշերային ժամերին կամ ոչ աշխատանքնային օրերին տեղի ունեցած հանցագործությունների դեպքում, երբ տեսախցիկները դիտելու համար ոստիկանները ստիպված են լինում սպասել աշխատանքային օրերին և ժամերին։
Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել դեկտեմբերի 1-ին: