Վերանայվում են սպառողներին վաճառվող Էլեկտրաէներգիայի սակագները. Բաղրամյան

Գարեգին Բաղրամյան
Այս պահին հայտնի չէ` սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն կլինի, թե ոչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Վերանայվում են սպառողներին վաճառվող Էլեկտրաէներգիայի սակագները: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը Գարեգին Բաղրամյանը։
«Այս պահին ասել չեմ կարող` սպառողների համար սակագնի փոփոխություն կլինի, թե ոչ։ Ամեն ինչ պարզ կլինի 10 օրից, երբ վերջնականացնենք էլեկտրականության արտադրության հաշվեկշիռները»,–ասաց Բաղրամյանը։
Դառնալ արտահանող կամ դուրս մնալ շուկայից. ՀՀ էներգաշուկայի ազատականացման ռիսկերը
Հավելենք, որ ՀՀ–ում հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա 8,42 դրամով` 200 դրամից դառնալով 208,42 դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 29-ին հրավիրված նիստում միաձայն ընդունել է ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ նախագիծը։
«Վեոլիա ջուրը» օգոստոսին հայտ էր ներկայացրել, որ ջրի սակագինը 200 դրամից դառնա 209 դրամ բոլոր սպառողների համար, սակայն ՀԾԿՀ-ն մոնիթորինգի ու հաշվարկների արդյունքում որոշել է, որ անապահովների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս սպառողների համար կսահմանվի 208.42 դրամ սակագին։
Երբ հանձնաժողովի որոշումն իրավական ուժ ստանա, կառավարությունը համապատասխան որոշմամբ կսուբսիդավորի սահմանվելիք սակագների տարբերությունը: Այսինքն` սպառողի համար սակագնի որևէ փոփոխություն չի լինի: Սուբսիդավորումը մեկ տարվա համար է: