Փաշինյանն ու Ռիքերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին

Փաշինյանն ընդունել է Ռիքերին
Ռիքերն օրերս այցելել էր Ադրբեջան, իսկ նոյեմբերի 28-ին հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վարչապետը ողջունել է Ռիքերի այցը տարածաշրջան և բարձր գնահատել ԱՄՆ դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն:
«Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, այդ թվում՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող այլ թեմաների շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։
Փաշինյանն ու Ռիքերը անդրադարձել են նաև հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերի:
Նշենք, որ դեկտեմբերի 1-4 Հայաստան այցի ընթացքում դեսպան Ռիքերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։
Հիշեցնենք, որ նա օրերս այցելել էր Ադրբեջան, իսկ նոյեմբերի 28-ին հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Փաշինյանն ընդունել է Ռիքերին