Միրզոյանի, Բայրամովի և Չավուշօղլուի «եռակողմ հանդիպման» լուրը չափազանցություն է. խոսնակ

Վահան Հունանյանը հայտնել է, որ ընդամենը քաղաքավարական կարճ զրույց է կայացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը չափազանցված է համարում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը»։ Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում է նման գրառում արել` անդրադառնալով այս թեմայով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին։
Նշենք, որ լուսանկարներ էին տարածվել, որտեղ երևում էին երեք երկրների նախարարները, ինչն էլ առիթ էր դարձել նման լուրերի։
Նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունը
«Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։ Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում»,–ասել է Հունանյանը։
Հիշեցնենք` Միրզոյանը Լեհաստան է մեկնել ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ: