ՄԻԱՎ թեստավորումն ավելի հասանելի կդառնա. ՀՀ–ում բացվել է 4-րդ շարժական ախտորոշիչ կլինիկան

Շարժական կլինիկան ՀՀ–ին նվիրաբերվել է ՌԴ օգնության ծրագրով' «ՍՊԻԴ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է 4-րդ շարժական բուժախտորոշիչ կլինիկան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այն Հայաստանին է նվիրաբերվել ՌԴ օգնության ծրագրով` «ՍՊԻԴ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Միջոցառման շրջանակներում անցկացվել է նաև «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը՝ որպես ջանքերի մեկտեղման նոր հնարավորություն» խորագրով համաժողովը:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ տվյալ ծրագիրը հնարավորություն է տալիս հեռավոր շրջաններում, գյուղերում շարժական բուժախտորոշիչ կլինիկայի այցերի միջոցով բնակչությանը տրամադրել ՄԻԱՎ-ի թեստավորման հնարավորություն:
«Առհասարակ ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, ՄԻԱՎ-ի դեպքերը, ցավոք, աճում են: Եվ իհարկե ուրախալի է, որ մենք արդեն կարողանում ենք հայտնաբերել դեպքերը, և եթե մարդիկ ավելի վաղ են տեղեկանում իրենց կարգավիճակի մասին և ստանում դեղերը, որոնք անվճար տրամադրվում են կենտրոնի կողմից, կարողանում են երկար տարիներ ապրել որակյալ կյանքով»,- ասել է Լենա Նանուշյանը:
Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը նշել է, որ ՌԴ-ի համար ՁԻԱՀ-ի և այլ վարակների դեմ պայքարը միջազգային հումանիտար համագործակցության առաջնային խնդիրներից է։ Նրա խոսքով` ծրագրի նպատակը Հայաստանում վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելն է:
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին
Մասնագետները ներկայացրել են ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ներկա վիճակն ու կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքները, նախանշել առաջիկա ծրագրերը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի ղեկավար Ռոզա Բաբայանը, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանն ու այլ հյուրեր:
10 ամսում Հայաստանում 430 նոր դեպք է հայտնաբերվել. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վիճակագրությունը