ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հերքում է լուրերն այն մասին, թե ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում` Ջերմուկի հատվածում, թունել կամ ճանապարհ են կառուցում։
«Մենք նման տեղեկություն չունենք։ Թունելի կամ ճանապարհի կառուցման մասին լուրերն անտրամաբանական եմ համարում»,– լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։
Գրիգորյանը լրագրողներին հորդորեց այդ հարցերն ուղղել նրանց, ովքեր նման լուրեր են տարածում, քանի որ իրենք տեղյակ չեն։
Ինչ վերաբերվում է ամրաշինական աշխատանքներին, ապա, ըստ մարզպետի, դրանք հնարավոր են։
Հիշեցնենք` «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ջերմուկ քաղաքի անմիջական հարևանությամբ` ՀՀ օկուպացված տարածքում, Ադրբեջանն անօրինական շինարարության և ամրացման աշխատանքներ է իրականացնում: Այդ աշխատանքները, ըստ նրա, սկսվել են 2022 թ.-ի սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխանի տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից հետո։