ՀՀ կառավարությունը գործուղումների ու ընդունելությունների գծով գերածախս է արել

ՀՀ կառավարության շենք
Գործադիր մարմնի անդամներն այս տարի արդեն շուրջ 300 մլն դրամ են ծախսել արտասահմանյան գործուղումների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը գերազանցել է արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների և արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար 2022թ–ի բյուջեով հատկացված գումարները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշման նախագծից։
Դրա համաձայն` արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար բյուջեով նախատեսված 370 մլն դրամից նոյեմբերի 4-ի դրությամբ մնացել է 78.7 միլիոնը։ Մինչդեռ ՀՀ վարչապետի որոշմամբ արդեն իսկ լրացուցիչ 197.2 մլն դրամի ծախս է արվել, որը մնացորդային գումարով հնարավոր չէ փոխհատուցել։
Կհայտնվենք անդունդի եզրին. Սարգսյանը բացահայտում է ՀՀ տնտեսության և ռելոկանտների կապը
ՀՀ պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների համար էլ բյուջեով նախատեսված 320 մլն դրամից մնացել է 52 մլն–ը։ Բայց այստեղ ևս առկա են ՀՀ վարչապետի որոշումներ, որոնց ֆինանսավորման հայտերը դեռևս չեն ներկայացվել համապատասխան մարմինների կողմից:
Իրավիճակը շտկելու համար ՀՀ կառավարությունն այսօր որոշում է ընդունել արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար հատկացնել լրացուցիչ 180 մլն դրամ, ևս 30 մլն դրամ էլ` արտասահմանյան գործուղումների համար։
Հատկացումներն արվում են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի` բյուջեով նախատեսված գումարներից։
Տնտեսության աճին զուգահեռ աճում է աղքատությունը. մասնագետը` հայաստանյան պարադոքսի մասին