Հայաստանը համաձայն է ԱՄՆ–ին փոխանցել վտանգավոր կենսաբանական ախտածինների նմուշները

Լաբորատորիա
Հայաստանի կառավարությունը նպատակահարմար է համարում համաձայնագրի վավերացումը, քանի որ այն համապատասխանում է ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «Կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի խմբագրված տարբերակը վավերացնելու նախագիծը։
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի միջև 2010թ–ին ստորագրված այս համաձայնագիրը մինչ օրս չէր վավերացվել դրանում Հայաստանին ներկայացվող պարտադիր պահանջների պատճառով։
Բանն այն է, որ համաձայնագրի 4-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հայկական կողմը պարտավորվում էր ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտին փոխանցել պահանջված այն վտանգավոր ախտածինների նմուշները, որոնք հավաքվել են ՀՀ-ում պրոֆիլակտիկ, պաշտպանական կամ այլ խաղաղ նպատակներով:
2022թ–ի սեպտեմբերի 30-ին ստորագրված նոր համաձայնագրում այս կետը խմբագրվել է, վտանգավոր ախտածինների նմուշները ամերիկյան կողմին փոխանցելու պարտադիր բնույթը դարձել է հայեցողական և վերաբերելում է միայն հարուցիչ պարունակող ախտաբանական նյութերին, որոնք կհայտնաբերվեն Հայաստանում վտանգավոր հարուցիչի բռնկման, համաճարակների կամ դրանց հետ կապված վտանգի դեպքերում։
Այս փոփոխությունից հետո Հայաստանի կառավարությունը նպատակահարմար է համարում համաձայնագրի վավերացումը, քանի որ այն համապատասխանում է ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին:
Կառավարության կայքում հրապարակված համապատասխան որոշման նախագծում նշվում է, որ համաձայնագրի վավերացմամբ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները կբարձրացվեն նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի։
Բացի այդ, դա թույլ կտա զարգացնել հանրային առողջության հնարավոր վտանգների և սպառնալիքների բացահայտման, լաբորատոր կարողությունները, ներդնել մոնիթորինգի համակարգ, ռիսկերի նվազեցման, բնակչության առողջապահական կրթման ծրագրեր, զարգացնել առողջապահության ոլորտում գիտական հետազոտությունների իրականացումը և հնարավորինս կանխել երկրի տարածք վարակիչ հիվանդությունների ներմուծումն ու տարածումը։