ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ: Այս մասին Գրիգորյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Ողջունելով Ռիքերի այցը Հայաստան՝ բարձր եմ գնահատել տարածաշրջանում խաղաղությանը հասնելուն ուղղված ԱՄՆ ջանքերը»,– ասված է հաղորդագրությունում:
Կողմերը խոսել են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցերից, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող այլ հարցերի:
Հանդիպում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մոտ
Նշենք, որ Ռիքերը Հայաստան է ժամանել դեկտեմբերի 1-ին և այստեղ է լինելու մինչև դեկտեմբերի 4-ը։ Նա հանդիպումներ է ունենալու պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։
Ռիքերը հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիշեցնենք, որ նա օրերս այցելել էր Ադրբեջան, նոյեմբերի 28-ին հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Հայաստան այցելելուց առաջ եղել նաև Վրաստանի Հանրապետությունում։