ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Գավառի պետական համալսարանում խախտումներ է հայտնաբերել։
ՊՎԾ կայքից տեղեկանում ենք, որ ուսումնասիրվել են 2018-2022 թթ գործունեությունը և 11,8 մլն դրամի խախտումներ հայտնաբերվել։
Մասնավորապես`տվյալներ են ստացվել այն մասին, որ առանց հոգաբարձուների խորհրդի որոշման` ռեկտորի կողմից հատկացվել են լրավճարներ:
Բացի այդ, թվով 33 ուսանողներ ՀՀ-ից բացակայել են, դասերին ու քննություններին չեն մասնակցել, սակայն դասախոսները մատյաններում չեն ֆիքսել այդ ամենը։ Իսկ բուհի 15 աշխատակիցներ, փաստացի բացակայելով ՀՀ-ից և (կամ) չներկայանալով աշխատանքի, ստացել են իրենց ամսական աշխատավարձի գումարներն ամբողջությամբ: Այլ 9 աշխատակիցներ անհիմն կերպով հավելավճարներ են ստացել։
Պարզվել է նաև, որ օրենքի խախտմամբ շուկայականից ցածր գներով վարձակալության են հանձնվել անհատույց օգտագործման իրավունքով բուհին պատկանող 2 հասարակական նշանակության տարածքներ։
ՊՎԾ–ն հայտնաբերած խախտումները ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար: