Եթե շինարարությունը սկսվել է, պետք է ավարտվի. կիսակառույցների տերերը ստիպված կլինեն վճարել

Նիկոլ Փաշինյան
Կիսակառույցների համար դրանց կառուցման ժամկետը լրանալուց հետո սեփականատերը կվճարի այնքան գույքահարկ, ինչ կանգուն շենքի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Շինություններն ավարտին հասցնելու հարցում կարգապահությունը կբարձրացվի։ Կառավարության այսօրվա նիստում որոշվեց կիսակառույցների հարցում մի շարք փոփոխությունների գնալ, այդ թվում` տեղական տուրքի բարձրացման։
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց` առաջարկվում է, որ երբ առաջին շինարարական թույլտվության ժամկետն ավարտվում է, անավարտ շինության համար գույքահարկը վճարվի այնպես, ինչպես կվճարվեր կանգուն շենքի կամ շինության համար։
«Շինությունների անավարտ մնալու պատճառներից մեկն այն է, որ տեղական տուրքի դրույքաչափերը շատ ցածր են։ Օրինակ` Երևանում ցանկացած գոտում շինարարության համար 5000 քմ տեղական տուրքի դրույքաչափը կարող է կազմել 500 000 դրամ։ Առաջարկում ենք այդ տուրքի դրույքաչափը բարձրացնել ըստ գոտիականության` բարձրացումը կարող է կազմել 2-10 անգամ։ Իսկ սահմանված ժամկետում շինաշխատանքները չկատարելու դեպքում, երբ 2-3-րդ անգամ դիմեն շինաշխատանքների ժամկետը երկարացնելու համար, պետք է վճարվի 2.5 անգամ ավելի բարձր դրույքաչափով տեղական տուրք, քան առաջին անգամ շինթույլտվություն ստանալու համար նախատեսված դրույքաչափն է»,–ասաց նախարարը։
Ինչ միջոցներով ասֆալտապատում անենք, եթե գույքահարկ չեն մուծում. Երևանի քաղաքապետի առաջարկը
Նրա խոսքով` փոփոխությունը վերաբերելու է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված շինություններին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտնեց, որ երբ որևէ տեղում շինարարական փոս է ստեղծվում, այդպես թողնում են տարիներով ու տասնամյակներով։ Նրա խոսքով` դա անհարգալից վերաբերմունք է հանրության նկատմամբ, ինչպես նաև խաթարում է միջավայրի տեսքը։
«Եթե շինարարությունը սկսվել է, պետք է ավարտվի: Չեն կարող քաղաքի կենտրոնում կամ ոչ կենտրոնում՝ մայրուղու վրա, կիսաշինարարական կամ շինարարական աղբի մեջ կորած տարածքները հավերժ մնալ։ Հետագայում չեմ բացառում ավելի խիստ մեթոդի կիրառումը»,–ասաց Փաշինյանը։
Նշենք, որ կադաստրի կոմիտեում 18 000 ինքնակամ կառույց կա հաշվառված, որոնք նույնպես կսկսեն հարկվել։