Բաքվի ագրեսիայից տուժածներին կառավարությունն առայժմ միայն վարկերի ժամկետի հարցում կաջակցի

Գյուղացիներին, որոնք զրկվել են գյուղատնտեսական հողերից և եկամտի աղբյուրներից, Հայաստանի կառավարությունը գումար չի հատկացնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի կառավարության որոշմամբ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայից տուժած ֆերմերների համար կհետաձգվեն աջակցության և լիզինգի վարկային ծրագրերի վճարումները։
Հոկտեմբերի սկզբին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով Ադրբեջանի ներխուժման հետևանքով արոտավայրերից զրկված և անասունները ստիպված վաճառած ֆերմերներին աջակցելու ծրագրի վերաբերյալ Sputnik Արմենիայի հարցին, ասել էր, որ կոնկրետ ոչինչ դեռևս չի կարող ասել։
«Մենք հիմա աշխատում ենք դրա վրա, բայց որ ասեմ՝ այսօր մենք ունենք ծրագիր, ճիշտ չի լինի»,–ասաց Քերոբյանը։
Նոյեմբերի 21-ին Sputnik Արմենիան հարցում է ուղարկել նախարարություն՝ տեղեկանալու վարելահողերն ու արոտավայրերը կորցրած ֆերմերներին աջակցելու ծրագրի ընթացքի մասին։
Էկոնոմիկայի նախարարությունից պատասխանել են, որ կառավարության աջակցության ծրագրերի շրջանակում վարկերի և լիզինգի վճարումները հետաձգելու, մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար արտոնյալ ժամկետ սահմանելու մասին նախագիծ են պատրաստել։
Եվ ահա դեկտեմբերի 1-ին կառավարության նիստում նախագիծն ընդունվեց առանց քննարկման։
Հիմնավորման մեջ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորել են նրանով, որ 2022 թվականի սեպտեմբերին սահմանային ռազմական գործողությունների հետ կապված` մի շարք տնտեսվարողներ Վայոց Ձորում, Գեղարքունիքում և Սյունիքում խնդիրներ են ունեցել վարկերի և լիզինգի ժամանակին վճարումների հետ կապված։

«Արդյունքում շահառուները կարող են «դուրս գալ» աջակցության ծրագրերից և զրկվել աջակցությունից օգտվելու հնարավորությունից», - ասված է հիմնավորման մեջ:

Նախագծի ընդունումով բյուջեից լրացուցիչ միջոցների ծախսը կկազմի շուրջ 4,6 մլն դրամ։
Գնահատումն իրականացվել է շուրջ 90 պոտենցիալ շահառուների հաշվարկով, նրանց վարկերի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 200 մլն դրամ, վճարման ժամկետը՝ 4 ամիս։
Նշենք, որ Գեղարքունիքի և Սյունիքի սահմանամերձ գյուղերի շատ ֆերմերներ Հայաստանի տարածքի օկուպացիայի պատճառով զրկվել են եկամտի աղբյուրներից՝ լինի դա հողագործություն, թե անասնապահություն։ Նրանցից շատերը վաճառել են անասունները։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Հրապարակվել է սեպտեմբերի զոհերի առաջին պաշտոնական ցուցակը. 197–ից 93-ի անունները հայտնի են