ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական համաժողովի աշխատանքների շրջանակներում հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդբերգիսի հետ և ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
Նշվում է, որ Արարատ Միրզոյանը և Գաբրիելիուս Լանդսբերգիսն անդրադարձ են կատարել միջազգային ու տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է կայուն և տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներն ու այս ուղղությամբ ներդրվող ջանքերը։
«Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիան, սադրիչ գործողությունները և ռազմատենչ հռետորաբանությունը վտանգում են տարածարշրջանային փխրուն կայունությունը»,–ասված է հաղորդագրությունում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության գործունեություն շուրջ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ առաքելությունը դրական դեր է կատարում տարածաշրջանում կայունության ապահովման գործում:
Նշվում է նաև, որ երկու երկրների ԱԳ նախարարները կարևորել են Հայաստան-Լիտվա միջպետական հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ գոհունակություն հայտնելով պարբերաբար իրականացվող բարձր մակարդակի փոխայցելությունների կապակցությամբ: