ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուին է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են փոխադարձ վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացումը: Անդրադարձ է կատարվել նաև Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների զարգացմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Միրզոյանն ու Ռեինսալուն քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։
Հայկական կողմը նաև կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, որն իր նպաստն է բերում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը:
Հիշեցնենք` Միրզոյանը Լեհաստան է մեկնել ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։