ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանն իր ռազմական հանցագործությունների համար պետք է պատասխանատվության ենթարկվի, իսկ հայերի դեմ ագրեսիան հստակորեն պետք է դատապարտվի։ Այսօր այս մասին հայտարարել են ԱՄՆ Սենատի ներկայացուցիչներն արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ։ Այս մասին գրել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Նշենք, որ ԱՄՆ Սենատում տեղի են ունենում Հայաստանում ԱՄՆ դեսպանի հաստատման լսումները։
Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն անհանգստություն է հայտնել, որ Պետդեպարտամենտի պաշտոնյաները վերջերս խուսափում են Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանությունն ու անդամահատումը պատկերող տեսանյութերի վերաբերյալ հարցումներից:
«Անհրաժեշտ է, որ մեր դեսպանները, հատկապես հակամարտությունների վայրերում, կարողանան հետամուտ լինել իրականությանը, որպեսզի մենք՝ որպես քաղաքականություն մշակողներ, կարողանանք որոշել`ինչ անել այդ ճշմարտության հետ»,- հայտարարել է սենատորը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Քրիստինա Կվիենը խոստացել է անել ամեն ինչ՝ այս տեսանյութերում պատկերված վայրագությունները փաստագրելու համար։
Բայց այս խոստմաննի պատասխան Մենենդեսն ասել է, որ հայերից խնդրանքներ չպետք է սպասել, պետք է նախաձեռնող լինել։
«Սենատորներին անհրաժեշտ են փաստեր ադրբեջանական ռազմական հանցագործությունների և ագրեսիայի մասին, երբ որոշում են կայացնում կիրառելու 907-րդ հոդվածի սահմանափակումները՝ Ադրբեջանին ԱՄՆ օգնություն տրամադրելու վերաբերյալ»,– նշել է սենատորը:
Սենատոր Վան Հոլենը նշել է, որ պատասխանատվության ենթարկելը չափազանց կարևոր է։ Նա իր անհանգստությունն է հայտնել , որ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը և Պետդեպարտամենտի Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը վերջին հարձակումներից հետո հրաժարվել են Ադրբեջանին որպես ագրեսոր ճանաչել:
«Սեպտեմբերին մամուլում փաստագրվել է, որ Ադրբեջանը հարձակումներ է գործել և տարբեր տեսակի վայրագություններ է կատարել: Ես հասկանում եմ միջնորդ լինելու կարևորությունը, բայց վստահելի միջնորդ լինելու համար, իմ կարծիքով, դուք պետք է գոնե սկսեք փաստերից և պատրաստ լինեք դրանք հրապարակայնորեն հայտարարել», - ասել է սենատոր Վան Հոլենը:
Նշենք, որ սենատորները մեկ շաբաթ ժամանակ ունեն դեսպանների թեկնածուներին լրացուցիչ հարցեր ներկայացնելու համար, որից հետո Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, իսկ ավելի ուշ՝ Սենատի ամբողջական կազմը, հնարավորություն կունենան հաստատել թեկնածուներին։