Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Վլադիմիր Գասպարյան
Վլադիմիր Գասպարյանի դուստրը 2015-18թթ. աշխատանքի չի հաճախել, սակայն 8.8 մլն դրամից ավել գումար է ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր` Յ.Գ.–ի նկատմամբ յուրացման և վատման հատկանիշներով քրեական հետապնդում է հարուցվել, տեղեկությունը հայտնում է դատախազությունը։
Մասնավորապես, Գասպարյանի դուստրը հոր և ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի հրամաններով տարբեր տարիների տարբեր պաշտոնների է նշանակվել ոստիկանությունում։ Սակայն, ըստ դատախազության, մինչև պաշտոնավարման ավարտը նա ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել:
2015-18թթ. Գասպարյանի դուստրը զբաղեցրել է ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնը, ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնը, ստացել ոստիկանության փոխգնդապետի կոչում։
Ընդհանուր առմամբ, 3 տարիների ընթացքում` 2015-2018թթ․ ընկած ժամանակահատվածում Գասպարյանի դստերը, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, վճարվել է 8 մլն 838 հազար դրամ։ Աղջիկն էլ այդ գումարը ստացել և կանխիկացրել է։
Այսպիսով, վերոհիշյալ հանցանքը կատարելու համար 2022 թվականի նոյեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Յ.Գ.-ի նկատմամբ արարքի կատարման պահին գործող Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացման հատկանիշներով, հանրային քրեական հետապնդում հարուցելու։ Գասպարյանի դստերը մեղադրանք առաջադրելու և խափանման միջոց ընտրելու համար գործն ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե:
Վլադիմիր Գասպարյանը ՀՀ-ում է, նրա ելքը երկրից սահմանափակված է․ հակակոռուպցիոն կոմիտե
Միաժամանակ, նշվում է Լևոն Երանոսյանն էլ իր հերթին տեղյակ է եղել, որ Գասպարյանի դուստրն աշխատանքի չի հաճախում, սակայն քայլեր չի ձեռնարկել։