ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ կան շատ միֆեր և սխալ մեկնաբանություններ, և պետությունը դրանց դեմ պայքարելու համար պետք է ճիշտ իրազեկման քաղաքականություն ունենա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ՄԻ պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն օրերս հայտնել էր` ժամանակն է, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, որն առաջարկում է իրավական հիմք կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի համար։ Դրանից հետո սոցցանցերում վերսկսվեցին կոնվենցիայի թեմայի ակտիվ քննարկումները։ Բացի այդ, նոյեմբերի 25-ից սկսած` աշխարհում կանանց դեմ բռնության արշավի 16-օրյակ է սկսվել,ինչի շրջանակում նույնպես ակտուալ դարձավ կոնվենցիան վավերացնել-չվավերացնելու հարցը։
«Ես կողմ եմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը հատկապես երկու առավելություններից օգտվելու համար։ Կոնվենցիաների ամենամեծ առավելությունը միջազգային համագործակցությունն է։ Նկատի ունեմ, որ որևէ պետությունում եթե անձը ճանաչվել է բռնարար կամ էլ խուսափել է պատժից, ապա կոնվենցիան հնարավորություն է ստեղծում, որ որևէ բռնարար պատժից չփախչի արտահանձման, դատապարտյալների փոխանցումների միջոցով»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` կոնվենցիայի երկրորդ առավելությունն էլ այն է, որ այն վավերացնելու դեպքում «գնում-նստում» ենք կոնվենցիան վավերացրած այլ պետությունների հետ մեկ սեղանի շուրջ, որտեղ յուրաքանչյուրը ներկայացնում է իր փորձը։ Հենց այս համագործակցության շրջանակներում էլ, ըստ պաշտպանի, կարողանում են ավելի իմաստուն լինել բռնության դեմ պայքարի գործում։
Գրիգորյանը նշում է, որ կոնվենցիան կարևոր գործիք է, քանի որ բացի այն, որ բռնության համար տարբեր հանցակազմեր է նախատեսում, նաև կարող է ավելացնել մեր իրավական հնարավորությունները։ Նա նկատում է, որ վավերացման փուլում փոփոխություններ անել հնարավոր չէ, սակայն յուրաքանչյուր կոնվեցիայի դեպքում կանխավ սահմանվում է, թե պետությունները որ հոդվածների դեպքում կարող են վերապահումներ ունենալ։
Գրիգորյանն անդրադառնում է նաև հնչող քննադատություններից մեկին, թեկոնվենցիան վավերացնելով` պետք է միասեռականների ամուսնությունները թույլատրվիև փոխվի ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ ընտանիք կարող են կազմել չափահաս տարիքի կինն ու տղամարդը։ ՀՀ ՄԻՊ–իխոսքով` դա մանիպուլյատիվ մեկնաբանություն է։
«Կոնվենցիան ընտանիքի հասկացություն չի սահմանում և որևէ նոր բան չի ավելացնում ընտանիք սահմանմանը։Այն հիմնվում է այն հասկացությունների վրա, որն ունի տվյալ պետությունը։ Եթե, օրինակ, ԵԽ որևէ պետությունում ընտանիք հասկացությունը կինը և տղամարդը չէ միայն, այդ դեպքում այդ կարգավորումն է գործելու, իսկ մեր դեպքում լինելու է այն, ինչ Սահմանադրությամբ է նախատեսված։ Շեշտում եմ` կոնվենցիան ընտանիքի հասկացության դեպքում հենվում է պետությունների սահմանած կարգավորումների վրա»,–ասաց Գրիգորյանը։
Նկատի ունենալով կոնվենցիայի թերի մեկնաբանությունները` Գրիգորյանը կուզենար, որ դրա բացատրական հուշաթերթում ավելի շատ մանրամասներ լինեին մի շարք հարցերի հետ կապված, որպեսզի մարդիկ համոզվեին` ծածուկ օրակարգեր չկան։
Հարցին` ինչպե՞ս կգնահատի Թուրքիայի` մարտին կոնվենցիայից դուրս գալու հայտարարությունը (հենց Ստամբուլում էր ստորագրվել այն)` Գրիգորյանը պատասխանեց, որ Թուրքիան մաքուր քաղաքական առևտուր է իրականացնում, ինչի մասին ոչ պաշտոնական զրույցներում ԵԽ գործընկերներն էլ են ասում։ Պաշտպանի խոսքով` Թուրքիան նախ հրավիրեց, որ նախաձեռնությունն իր մոտ անցկացվի` երկրի համար միջազգային տեսանելիություն և կշիռ բարձրացնելով, բայց հետո սկսեց առևտուրը։
Միաժամանակ «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ–ի նախագահ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը ճիշտ հակառակն է պնդում` ասելով, որ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելուց հետո պետք է Սահմանադրության մեջ էլ փոփոխությունների գնանք և միասեռական ամուսնություններն օրինականացնենք։
«Ես տոլերանտ եմ և ինձ համար միևնույն է` մարդը միասեռակա՞ն է, թե՞ ոչ։ Բայց ես դեմ եմ քարոզին, իսկ կոնվենցիան այլասերություն ու միասեռականության դիկտատ է քարոզում։ Կոնվենցիան միասեռականության և տրանսգենդերիզմի պրեզենտացիա է, ինչը կարող է լուրջ խնդրի առաջ կանգնեցնել մեզ։ Այսօր մեր հասարակությունը կարողացել է իր արժեքային համակարգը պահպանել, որովհետև ընտանիքի կապերն այլ են, իսկ կոնվենցիան գալիս է խեղաթյուրելու այդ կապերը»,–ասում է Զոհրաբյանը։
Նրա խոսքով` ԵՄ մի շարք երկրներ քննարկում են կոնվենցիայից դուրս գալու հարցը, քանի որ դրա կիրարկումը ցույց է տվել, որ այն բնավ էլ չի լուծում առկա խնդիրները, ավելին` նորխնդիրներ է առաջացնում։ Զոհրաբյանը նշում է, որ երբևէ կողմ չի եղել կանանց հանդեպ բռնությանը, ավելին` հենց ինքն է եղել ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախաձեռնողներից մեկը, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում կանայք այդ օրենքի ընդունումից հետո էլ շարունակում են կաշկանդված լինել ընտանեկան ավանդույթներով, հանրային կարծիքով և ընտանեկան բռնության դեպքում չեն դիմում իրավապահներին։ Այսինքն, ըստ Զոհրաբյանի, այստեղ խնդիրը ոչ թե օրենքն է, այլ մշակույթն ու մենթալիտետը։ Ուստի արհեստածին օրենքներ ներդնելը լուրջ հարված է լինելու ընտանիքին։
«Հայաստանը միշտ կարողացել է խուսանավել կոնվենցիան վավերացնելուց, քանի որ դրանում բազմաթիվ խութեր կան, որոնք լրջագույն հանրային խնդիրներ են առաջացնելու։ Պատահական չէ, որ ԵՄ նոր անդամ Լեհաստանի ՍԴ–ն կոնվենցիան հակասահմանադրական ճանաչեց և դուրս եկան կոնվենցիայից»,–ասաց Զոհրաբյանը։
Նա նշում է, որ այսօր խնդիր է դրված` հարձակումներ եկեղեցու, բանակի, ընտանիքի և արժեհամակարգի վրա, և այս ամենը գլոբալիզացիայի փաթեթի դրվագներ են։ Ուստի նա չի բացառում, որ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանցնի հաջորդ քայլին`վավերացնելով Ստամբուլյան կոնվենցիան։
Ինչ վերաբերում է կոնվենցիան ընդունելու դեպքում հասարակության արձագանքին, ապա Զոհրաբյանը կարծում է, որ մարդիկ տարօրինակ ապատիայի մեջ են. կլինեն փոքր ակցիաներ կամ մի քանիսը կբողոքեն, սակայն գլոբալ բողոքի ալիք չի բարձրանա։ Զոհրաբյանի խոսքով` մենք չունենք այլընտրանքային քաղաքացիական հասարակություն, որը կգա փոխարինելու Նիկոլ Փաշինյանի իշխանության «սորոսական» քաղհասարակությանը։
«Պետք է լինեն հանրային հարթակներ, որտեղ մինչև կոնվենցիայի ընդունումը դրա բոլոր բումերանգները կներկայացվեն հասարակությանը։ Իսկ այն քաղհասարակությունը, որն այսօր կա, Ստամբուլյան կոնվենցիայի գովազդի հարթակ է։ Ընդդիմությունն այլ գործով է զբաղված, և նրանք ժամանակ չունեն «այս մակարդակի իջնելու»` արդյունքում անիրազեկ քաղաքացուն թողնելու ենք լրջագույն վտանգներով լեցուն օրենքի հետ դեմ հանդիման»,–ասում է Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնենք` 2018-ի հունվարի 18-ին ՀՀ–ն ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան, բայց չի վավերացրել։ Ստամբուլյան կոնվենցիա պայմանական անունը ստացած «Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման» կոնվենցիան պարբերաբար թեժ քննարկումներ ու բանավեճեր է առաջացնում Հայաստանում։
Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ վերապահումներ է հայտնել նաև Հայ առաքելական եկեղեցին։ Հոգևոր առաջնորդները կոչ էին արել չընդունել այն։
Այս պահի դրությամբ Ստամբուլյան կոնվենցիան վավերացրել են ԵԽ 47 անդամ երկրներից 38-ը։