ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լոձում, ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ և մտքեր փոխանակել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԵՄ առաքելության գործունեության դերը կայունության ապահովման համատեքստում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում հայ-չեխական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
«Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև պարբերաբար անցկացվող խորհրդակցությունների կապակցությամբ, քաղաքական երկխոսության ակտիվացման առումով կարևորել բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանը չեխ գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները:
Անդրադառնալով սեպտեմբերի 13-14–ին Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ դուրսբերման հրամայականը:
Ընդգծվել է Ադրբեջանի կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման և ոչ կառուցողական մոտեցումների անընդունելիությունը։
Հիշեցնենք, որ ԵՄ ԱԳ նախարարները հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայացած նիստում պաշտոնապես հաստատեցին 40 դիտորդի Հայաստան–Ադրբեջան սահման ուղարկելու մասին որոշումը։
Դիտորդները տարածաշրջան ժամանեցին և աշխատանքի անցան հոկտեմբերի 20-ին։ Նախատեսված է, որ առաքելությունը մնալու է երկու ամիս։