Մասնավոր հատվածի ձայնը լսելի է. Մաթևոսյանը` Հայաստանում ՎԶԵԲ–ի գործունեության մասին

Մաթևոսյանը նշել է, որ Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդը գործարար համայնքի հետ բաց և կանոնավոր երկխոսություն է ապահովում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ Հայաստանում գործող ներդրումային խորհրդի ձևաչափը մասնավոր հատվածի ձայնը լսելի դարձնելու արդյունավետ հարթակ է։ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նման կարծիք է հայտնել Հայաստանի ներդրումային խորհրդի հիմնադրման տասնհինգամյակի միջոցառմանը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Համբարձում Մաթևոսյան
Մաթևոսյանը նշել է, որ 2012 թվականից գործող փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդը ակտիվ ներգրավվածություն է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացմանն ու ՓՄՁ միջավայրի բարելավմանն ուղղված շուրջ երկու տասնյակը գերազանցող օրենսդրական բարեփոխումների մշակման գործում։
«Ընդգծելով մասնավոր հատվածի զարգացումը խոչընդոտող խնդիրներին ուղղված լուծումները համատեղ մշակելու անհրաժեշտությունը՝ փոխվարչապետը վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու այս ուղղությամբ ակտիվ համագործակցությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ միջոցառմանը մասնակցել են նաև ՎԶԵԲ կովկասյան տարածաշրջանի տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը։
Հայաստանի ներդրումային խորհրդի հիմնադրման տասնհինգամյակի միջոցառման մասնակիցները