ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Այսօր երեկոյան Կիևյան կամուրջը ժամանակավորապես կփակվի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 30-ին, ժամը 21:00-ից մինչև դեկտեմբերի 1-ի ժամը 07:00-ը երթևեկության համար փակ կլինի Կիևյան կամուրջը»,– ասված է հաղորդագրությունում:
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, որը համակարգում է ամանորյա տոնական ձևավորման գործընթացը, նոյեմբերի 21-ին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ասել է, որ վերջնարդյունքում կարդարացվեն երևանցիների սպասումները, և մայրաքաղաքն այս տարի կառանձնանա գեղարվեստական լուսավորության ինքնատիպ լուծումներով:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլն» այս տարի կայանալու է Երևանում դեկտեմբերի 11-ին։ Այդ պատճառով որոշվել է քաղաքի տոնական ձևավորման աշխատանքները ժամանակից շուտ սկսել։ Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, կվառվեն Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառի լույսերը, և տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ–2022»-ի բացման արարողությունը։