ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման մոդելի պահպանման հարցին, տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Նշվում է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ հերթական նիստի այսօրվա օրակարգում ՀՀ կառավարման ձևի ընտրության հարցն է եղել:
«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը՝ 8 կողմ, դեմ՝ 1, ձեռնապահ՝ 1 ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման ձևի պահպանմանն ու խորհրդարանական կառավարման մոդելի բարելավմանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանը ներկայացրել է կառավարման նախագահական ձևին անցնելու անհրաժեշտությունը և հիմնավորումները: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը ներկայացրել է խորհրդարանական կառավարման ձևը պահպանելու անհրաժեշտությունը և հիմնավորումները:
Զեկուցումներից հետո խորհրդի անդամների և զեկուցողների միջև տեղի է ունեցել հարցուպատասխան, խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով:
Հիշեցնենք` Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնը ստանձնելու օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձևից անցել է խորհրդարանական կառավարման ձևի: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում կանցկացվի սահմանադրական հանրաքվե, որով Հայաստանը կանցնի կիսանախագահական կառավարման համակարգի։
Սակայն այս տարի` Սահմանադրության օրը Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը, որովհետև 2021 թվականի իրադարձություններն ապացուցեցին, որ այս համակարգը ճգնաժամեր կառավարելու, քաղաքական բանավեճին ժողովրդի ներգրավման ու վճռական մասնակցության ավելի գործուն մեխանիզմներ է ապահովում։