Ի՞նչ քայլերի են դիմում մսի վաճառքով զբաղվող տնտեսվարողները. ոստիկանությունը պարզաբանում է

Քննչական կոմիտեում նախաձեռնվել է 1 տասնյակից ավելի քրեական վարույթ։
Sputnik
Գյուղատնտեսական կենդանիների մորթը լիցենզավորված սպանդանոցներից 15-ը 2021-2022 թվականների ընթացքում մսի վաճառքով զբաղվող մի շարք տնտեսվարողների տրամադրել են կեղծ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ արդեն տևական ժամանակ հանրապետությունում գործում է գյուղատնտեսական կենդանիների մորթը բացառապես սպանդանոցներում իրականացնելու կարգը, սակայն այդ բնագավառում օրինախախտումները շարունակվում են:
«Սպանդանոցներից ձեռք բերված կեղծ փաստաթղթերի հիման վրա տնտեսվարողները տեղում մորթ են իրականացրել և վաճառել իրենց խանութներում։ Փաստաթղթեր կեղծելու և իրացնելու առերևույթ հանցանքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է մեկ տասնյակից ավելի քրեական վարույթ»,– նշված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ նմանատիպ միջոցառումները շարունակվում են: