ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը ունենալու է էական հակակոռուպցիոն էֆեկտ: Ինչպես հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը, ՀՀ կառավարությունում խորհրդակցության ժամանակ այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Նշվում է, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովների նախագահները և պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետը կարևորել է վերոնշյալ ինստիտուտի ներդրումը և ընդգծել, որ այն պետության և քաղաքացու հարաբերություններում ունենալու է առանցքային նշանակություն:
«Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը նպաստելու է ոչ միայն թափանցիկության ապահովմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, այլ նաև ունենալու է էական հակակոռուպցիոն էֆեկտ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ մինչ այժմ իրականացված քայլերն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Մտքեր են փոխանակվել համակարգի գործունեության, հայտարարագրման գործընթացի հնարավորինս պարզեցման և այլ հարցերի շուրջ:
Հիշեցնենք` նոյեմբերի 17-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում հայտարարեց, որ առաջարկում են 2023-ից սկսած` երեք տարիների ընթացքում ՀՀ բոլոր ռեզիդենտ քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգ ներդնել։
Ըստ նախագծի` 2023 թվականի համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները, նոտարները, 1 մլրդ դրամ և ավել համախառն եկամուտ հայտարարագրած կազմակերպության բաժնետերը, այն մարդիկ, որոնք 2023-ի ընթացքում 20 մլն դրամի չափով վարկ, նաև նրանք, ովքեր արտերկրից են եկամուտ ստանում և եկամտային հարկի փոխհատուցումներ ստացողները։ Ի դեպ, 2023-ի հայտարարագիրը պետք է ներկայացնի մինչև 2024-ի ապրիլ։
Իսկ 2024 թվականի համար հայտարարագիր պետք է ներկայացնեն մասնավոր հատվածում վարձու աշխատողները, 2025-ին` բոլոր այն մարդիկ, որոնք առաջին և երկրորդ խմբերում չեն։