ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով պայմանավորված` հանգիստ իրավիճակ է, սակայն ակտիվացել են սուր շնչառական վարակները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Covid–ի շրջանում 2020–2021 թվականին բավական նվազ էր սուր շնչառական հիվանդացության բեռը։ Այս տարի նկատում ենք նախաքովիդյան ցուցանիշները, բայց որևէ նորմայից շեղված ցուցանիշներ չունենք. այն սեզոնային ակտիվության շրջանակների մեջ է»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` բավական ակտիվ է գրիպի H1N1 մանրէահիմքը (թռչնագրիպ), որը վտանգավոր է խրոնիկ հիվանդություններ ունեցողների, հղիների, երեխաների համար։ Կանխարգելման համար նախարարը հորդորում է պատվաստվել նաև գրիպի դեմ։
«Պատվաստանյութերը ներառում են այս վտանգավոր շտամների դեմ հակամարմիններ, և շատ կարևոր է դա ճիշտ ժամանակին իրականացնելը»,–ասաց նա։
Նախարարը նշեց, որ այս պահին գրիպի առումով շատ ավելի մեծ հիվանդացության բեռ ունեն, քան Covid-ի։
Covid-ի դեպքերի աճ չեն նկատում, հետևաբար` սահմանափակումներ ևս առաջիկայում չեն նախատեսվում։