ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ֆրանսիայում ծնված հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը Կատարում հանդիպել ու լուսանկարվել է իր անվանակցի` Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստ Ջորկաեֆ Ռեասկոյի հետ։ Տեղեկությունը հայտնում է fourfourtwo.com–ը։
Երկու Ջորկաեֆները հանդիպել են երեկ Էկվադորի–Սենեգալ խաղից առաջ։
Էկվադորցի ֆուտբոլիստը պատմել է, որ հայրը` Նեյսեր Ռեասկոն, նույնպես ֆուտբոլիստ է եղել և խաղացել է Էկվադորի ազգային հավաքականում ու ֆրանսիական ֆուտբոլի մեծ սիրահար է եղել։
«Հայրս հիանում էր Յուրի Ջորկաեֆի խաղով, այդ իսկ պատճառով անունս նրա պատվին է դրել: Ես նույնպես հարձակվող եմ ու տեսել եմ նրա խաղը, անգամ որոշ նմանություններ եմ տեսնում իմ ու լեգենդար Ջորկաեֆի խաղաոճում»,– նշել է Ռեասկոն։
Նշենք, որ Ֆրանսիան ներկայացնող հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը խաղացել է «Ստրասբուր», «Մոնակո», «Պարի Սեն Ժերմեն», «Ինտերնացիոնալ», «Կայզերսլաուտերն», «Բոլթոն», «Բլեքբեռն» թիմերում։ Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 67 խաղ, խփել 26 գոլ։ 1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն է։