ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների ներկայացուցիչները քննարկել են անօրինական միգրացիայի դեմ պայքարն ուժեղացնելու առաջարկները։ Այս մասին հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Համատեղ հանձնաժողովի անդամները քննարկել են անօրինական միգրացիայի դեմ պայքարի մարմինների փոխգործակցության ամրապնդման և գործունեության համակարգման ապահովման վերաբերյալ առաջարկությունները։ Մշակվել են մոտեցումներ, որոնք կօգնեն կատարելագործել ԱՊՀ անդամ պետություններում միգրացիոն օրենսդրության վերաբերյալ տեղեկությունների փոխանակման մեխանիզմը»,– նշվում է գործադիր կոմիտեի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Մասնակիցները քննարկել են ԱՊՀ–ի ներսում ռեադմիսիայի (առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման) վերաբերյալ գործող երկկողմ համաձայնագրերի կնքման և գործնական իրականացման ընթացքում ծագող խնդրահարույց հարցերը, ինչպես նաև այդ խնդրի վերաբերյալ մեթոդական առաջարկությունների նախագծի նախապատրաստման վերաբերյալ առաջարկությունները։ Քննարկվել է նաև հանձնաժողովի 2023 թվականի աշխատանքային պլանի նախագիծը։
Նշենք, որ այսօր տեսակոնֆերանսի ռեժիմով տեղի է ունեցել անօրինական միգրացիայի դեմ պայքարում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության մասին համաձայնագրի մասնակից պետությունների համատեղ հանձնաժողովի 25-րդ նիստը։ Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները: