ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կուսակցության վարչության նիստը։ Տեղեկությունը հրապարակվել է քաղաքական ուժի ֆեյսբուքյան էջում։
Նիստի ժամանակ հաստատվել է կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը։
«Վարչության նախագահի առաջարկությամբ Վահագն Ալեքսանյանը նշանակվել է վարչության նախագահի տեղակալ՝ զարգացման և կապերի գծով, իսկ Գևորգ Պապոյանը՝ վարչության նախագահի տեղակալ՝ տարածքային կազմակերպությունների համակարգման գծով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր։
Հիշեցնենք, որ ՔՊ–ի նոր վարչությունն ընտրվեց հոկտեմբերի 29-ի համագումարի ժամանակ։ Նոյեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ։
Նորընտիր վարչությունը կազմված է 15 անդամից։ Ամենաշատ ձայները հավաքել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, իսկ, օրինակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։
Նշենք, որ 2015-ին հիմնադրվելուց հետո ՔՊ-ում վարչության նախագահությունը ստանձնել էր Արայիկ Հարությունյանը, հետո՝ Սասուն Միքայելյանը, իսկ 2019-ից ի վեր՝ Սուրեն Պապիկյանը։
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ՔՊ–ում լուրջ խնդիրներ կան, որոնք ստիպել են այս անգամ Նիկոլ Փաշինյանին ստանձնել վարչության նախագահի դերը՝ փորձելով կանխել իր դեմ հնարավոր դավադրությունները։