ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Քաղաքացին փորձել է թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն բուսական զանգված փոխանցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։
Պարզվել է, որ կալանավորված անձ Կ․ Մ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Հ․ Դ․-ն փորձել է քրեակատարողական հիմնարկ մտցնել պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված օվալաձև 1 փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 6․7 և 17․2 գրամ ընդհանուր քաշերով դեղնականաչավուն բուսական զանգվածներ, «PGN 150» գրառմամբ 8 դեղապատիճ և «B8» գրառմամբ 1 դեղահաբ։
«Քաղաքացին բանավոր հայտարարել է, որ թմրամիջոցներին նմանվող զանգվածները քրեակատարողական հիմնարկ էր բերել կալանավորված անձին փոխանցելու համար»,– ասվում է հաղորդագրությունում։
Ի դեպ, անձնական խուզարկության արդյունքում քաղաքացու մոտ ոչինչ չի հայտնաբերվել։ Նա բացատրական աշխատանքներից հետո տոպրակը հանել է թաքցրած տեղից։
Քաղաքացի Հ․ Դ․-ն անմիջապես ձերբակալվել է ու տեղափոխվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։