ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Էստոնիայում սկսվել են ՆԱՏՕ-ի «Cyber Coalition» զորավարժությունները, որոնց մասնակցում է շուրջ հազար մարդ ՆԱՏՕ-ի ավելի քան 40 երկրից ու դաշինքի գործընկերներից: Տեղեկությունըհայտնում է Էստոնիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Կիբեռզորավարժությունների ընթացքում իրական մարտահրավերներ կխաղարկվեն, օրինակ՝ կիբեռհարձակումներ էներգետիկ ենթակառուցվածքների և ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի վրա», - նշված է հաղորդագրության մեջ:
Ռազմական մասնագետներից բացի, զորավարժություններին մասնակցում են պետական արդյունաբերական ձեռնարկությունների, գիտական հաստատությունների ու կիբեռպաշտպանության առանձին ազգային կառույցների ներկայացուցիչները:
Նշվում է, որ զորավարժությունները թույլ կտան ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ուժեղացնել կիբեռհարձակումներից տեղեկատվական տեխնոլոգիաների ցանցերի շուրջօրյա պաշտպանության ու դաշնակիցների և գործընկերների հետ իրական ժամանակի ռեժիմում կիբեռհարձակումների մասին տեղեկատվության փոխանակման ներուժը:
Կիբեռզորավարժությունները կավարտվեն դեկտեմբերի 2-ին։