Մայր աթոռ սուրբ Էջմիածնից դուրս կբերվի Աստվածամուխ սուրբ Գեղարդը

Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար մատուռ-մկրտարանում կմնա մինչև 18։00–ն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 3-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնից դուրս կբերվի Աստվածամուխ սուրբ Գեղարդը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Նշվում է, որ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին դեկտեմբերի 3-ին նշում է հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։
«Դեռևս 2015 թվականին առաքյալների տոնը Ամենայն հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ սուրբ Գեղարդի ուխտի օր: Տոնի առիթով Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կմատուցվի սուրբ պատարագ, որի ընթացքում տաճար կբերվի Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը` Սուրբ Գեղարդը»,– ասվում է հաղորդագրությունում:
Սուրբ պատարագը կմատուցվի 10:30-ին: Սրբազան մասունքը հավատացյալների երկրպագության համար մատուռ-մկրտարանում կմնա մինչև 18։00–ն։
Ինչու է դուրս բերվել Սուրբ Գեղարդը. ժանտախտին հաղթած սրբությունն ընդդեմ կորոնավիրուսի
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է նաև, որդեկտեմբերի 2-ին` ժամը 17։30–ին, երեկոյան ժամերգության ընթացքում Մայր աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կկատարվի նախատոնակ, որի ընթացքում դուրս կբերվեն Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները։