ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Ուժի մեջ է մտել օրենք, որով աշխատավարձի 80 տոկոսի չափով հավելավճար է սահմանվել Սահմանադրական դատարանի, 50 տոկոսի չափով՝ Վճռաբեկ դատարանի դատավորների համար: Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ այս մասին զեկուցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։
Նշվել է նաև, որ մշակվել է Երևանում առաջին ատյանի քրեական և քաղաքացիական դատարանների ձևավորման փաթեթը: Կառավարության հավանությանն է արժանացել և Ազգային ժողով է ներկայացվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման նախագիծը:
Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի անդրանիկ նիստը
«Մշակվել է նախագծերի փաթեթ, որով պարզեցվում են դատավարության կազմակերպման ընթացակարգերը՝ վարչական, քաղաքացիական և սնանկության գործերով գրավոր ընթացակարգի ներդրում, քրեական գործերով արագացված վարույթի վերականգնում և այլն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ինչ վերաբերում է «Էլեկտրոնային արդարադատություն» (E-justice), «Էլեկտրոնային դատարան» (E-court) հարթակների ներդրմանը, ապա նշվում է, որ մեկնարկել են քաղաքացիական դատավարության և սնանկության վարույթի թվայնացման մոդուլների մշակման աշխատանքները, մշակվել է վարչական դատավարության թվայնացման մոդուլի տեխնիկական առաջադրանքը, ընթացքի մեջ են նաև մյուսները:
Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի անդրանիկ նիստը
Զեկուցվել է, որ վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման շրջանակում աշխատանք է կատարվել նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման ուղղությամբ. ձևավորվել է հեղինակավոր ազգային և միջազգային մասնագետներից կազմված ղեկավար խորհրդատվական կոմիտե, որը հաստատել է արբիտրաժային կենտրոնի կանոնադրությունը, այժմ մշակվում են արբիտրաժային կանոնները:
Քրեաիրավական ոլորտում նոր կադրերով են համալրվել նախաքննություն իրականացնող մարմինները և դատախազությունը:
Վարչապետը կարևորել է դատաիրավական բարեփոխումների շարունակականությունը և նիստի արդյունքներով տվել համապատասխան հանձնարարականներ: